top of page

Անհրաժեշտ է կատարելագործել մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքները


Մի խումբ հասարակական կազմակերպություններ և անհատներ հանդես են եկել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքների կատարելագործման վերաբերյալ հայտարարությամբ։

09.08.2022 թ․


Սույն հայտարարությունը հասցեագրված է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ վարչապետին։


Հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 27 հունվարի 2022 թվականի N 111-Ա որոշումը, ներքոստորոգրյալ հասարակական կազմակերպությունները և անհատները Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին և Սահմանադրական բարեփոխումների խորհրդին առաջարկում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում և դրա հիման վրա մշակվելիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծում ներառել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքների կատարելագործման հրամայականից բխող մի շարք առաջարկներ և համապատասխան դրույթներ, մասնավորապես՝


1. Վերացնել Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը և ըստ այդմ՝

  • վերականգնել սահմանադրական ամրագրում ստացած բոլոր տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքները (բժշկական սպասարկման և բուժօգնության, առողջ շրջակա միջավայրի, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների, հանգստի, աշխատանքի նվազագույն վարձատրության, պատշաճ կենսամակարդակի, սոցիալական ապահովության, մշակութային կյանքին մասնակցելու, գիտական նվաճումներից օգտվելու․․․) որպես անմիջական գործող, հիմնական իրավունքներ,

  • վերականգնել անհատների և Մարդու իրավունքների պաշտպանի իրավունքը՝ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնելու վերոնշյալ իրավունքների սահմանադրաիրավական բովանդակությանը նորմատիվ իրավական ակտերի դրույթների համապատասխանության հարցը (սահմանադրականության վիճարկելիությունը)։

2. Վերականգնել և/կամ կատարելագործել Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխներում տեղ գտած տնտեսական, սոցիալական և մշակութային, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության մի շարք իրավունքների, մասնավորապես՝

  • առողջության իրավունքի,

  • աշխատանքային իրավունքների,

  • սոցիալական ապահովության իրավունքի,

  • բավարար կենսամակարդակի իրավունքի,

  • կրթության իրավունքի,

  • մշակութային կյանքին մասնակցելու և գիտական նվաճումներից օգտվելու իրավունքների,

  • առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի,

  • բնապահպանական տեղեկատվության հասանելիության իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիքները,

  • ամրագրել պետության կողմից առողջ, անվտանգ շրջակա միջավայրի պաշտպանության պարտավորությունը,

  • որպես սեփականության իրավունքի սահմանափակման հիմք ամրագրել նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը։

3. Վերանայել Սահմանադրության 2-րդ, 3-րդ գլուխներում և հարակից հոդվածներում ամրագրված մարդու իրավունքների մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝

  • կատարելագործել երեխայի իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի, ազատ արտահայտվելու իրավունքի, պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքները,

  • ամրագրել փաստացի հավասարության ապահովման սահմանադրաիրավական երաշխիքը, հաշմանդամության իրավունքահենք մոտեցման սահմանադրաիրավական ուղենիշը,

  • վերացնել և բացառել անգործունակության ինստիտուտի սահմանադրական հիմքերը և սահմանադրության տեքստում օգտագործվող խտրական եզրույթները,

  • ապահովել դատապարտված և պատիժը կրող քաղաքացիների ընտրելու իրավունքի սահմանդրական հիմքերը,

  • վերանայել և հստակեցնել մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումների սահմանադրական հիմքերը և հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթները մեկնաբանող սուբյեկտների շրջանակը:

Սույն հայտարարության շրջանակում տեղ գտած առաջարկները, դրանց հետազոտական, փաստարկային հիմքն ու հիմնավորումները մանրամասն ներկայացված են «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից 2021 թվականին իրականացրած՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» վերտառությամբ հետազոտության շրջանակում։



«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ


«Փինք» իրավապաշտպան ՀԿ


«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ


«Էկոլոգիական իրավունք» ՀԿ


«ՕքսԵՋեն» հիմնադրամ


«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ


«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ


Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա


Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն


«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն


«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ


«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ


«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ


«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ


«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ


«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» Կոալիցիա


Երեխաների պաշտպանության ցանց


«Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպան ՀԿ


Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան


«Խաղաղության երկխոսություն» ՀԿ


Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ


«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ


«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ


«Քաղաքական երկխոսություն» ՀԿ


«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ


«Սոցիալական արդարություն» ՀԿ


«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ


Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ


Նարինե Ալեքսանյան, սահմանադրագետ, ի․գ․թ, դոցենտ


Նվարդ Փիլիպոսյան, իրավաբան


Սոֆյա Մանուկյան, բնապահպան-իրավապաշտպան


Նազելի Վարդանյան, իրավաբան, Իրավունքի ազգային կենտրոնի տնօրեն


Մարիա Աբրահամյան, անցումային արդարադատության ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետ


Նարինե Սոլոմոնյան, ի․գ․թ




33 views
bottom of page