top of page

Կանանց աշխատանքային իրավունքներին վերաբերող հետազոտական նախագծի ավարտական փուլ



ՄԻՀԿ-ի կողմից նախորդ տաս ամիսների ընթացքում իրականացվել է ՀՀ աշխատանքային օրենսդրության և պետական քաղաքականության համապարփակ և խորքային ուսումնասիրություն՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության 183-րդ (Մայրության պաշտպանության մասին), 189-րդ (Տնային աշխատողների մասին) և 156-րդ (Ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների մասին) կոնվենցիաներով տրամադրվող երաշխիքներին համապատասխանության առնչությամբ։ Վեր են հանվել բազմաթիվ ոլորտային և համակարգային բացեր և խնդիրներ։

2020 թ․-ի սեպտեմբերից Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնն իրականացնում է «Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների և տնտեսական հզորացման համար հետազոտություն և շահերի պաշտպանություն» հետազոտական նախագիծը՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի կանանց հզորացման կառույցի վրաստանյան գրասենյակի աջակցությամբ։


Նախագծի շրջանակներում իրականացնում է Աշխատանքի միջազգային կազմակերպության 183-րդ, 189-րդ և 156-րդ կոնվենցիաների խորքային ուսուսմնասիրում, գործընկեր կառույցների հետ պատրաստելով կոնվենցիաների կարգավորման ազդեցության գնահատման (ԿԱԳ) զեկույցները՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կառավարության դիտարկմանը ներկայացնելու նպատակով։


Մասնավորապես, ՄԻՀԿ-ի կողմից ուսումնասիրվել է ՀՀ օրենսդրական և քաղաքականության դաշտը, առկա խնդիրները և միտումները՝ Հայաստանի կողմից նշված կոնվենցիաների վավերացման համատեքստում, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կոնվենցիաներով կարգավորվող շրջանակի հետ առնչվող գենդերային խնդիրների, կանանց տնտեսական ակտիվության վրա ներազդող գործոնների վրա։


Ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են վերոգրյալ կոնվենցիաների հետ առնչվող ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքը, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը, «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքը, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, ոլորտին առնչվող՝ տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող, քաղաքականությունների իրավական հիմքերը սահմանող բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր և արձանագրային որոշումներ:


Օրենսդրաիրավական բացերի ու քաղաքականությունների խնդիրների քննարկման շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ՀՀ ստանձնած պետության պարտավորություններին, մասնավորապես՝ աշխատանքային օրենսդրության մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ ներդաշնակեցման համատեքստում:


Հետազոտական նախագիծն այժմ ավարտական փուլում է։ Մանրամասները և արդյունքների հրապարակումը՝ շուտով։



82 views
bottom of page