top of page

Ի՞նչ պետք է փոխի Սահմանադրության փոփոխությունը



Կարևորելով Սահմանադրության օրվա խորհուրդը, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Սահմանադրությամբ մարդու իրավունքների առավել բարձր երաշխիքների ամրագրումը պետության զարգացման, ժողովրդավարական կառուցակարգերի և իրավունքի գերակայության սկզբունքի գործնականացման առանցքային նախապայմանն է։ Սա է նաև այն հենակետը, որի վրա պետք է կառուցվի սահմանադրական բարեփոխումների յուրաքանչյուր գործընթաց։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ․ համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն (հոդված 1)։


ՀՀ Սահմանադրությունը մինչ այժմ փոփոխվել է 2 անգամ՝ 2005 և 2015 թթ.։ Այժմ ՀՀ կառավարության օրակարգում է սահմանադրական թվով երրորդ բարեփոխումը։


Ի՞նչ պետք է փոխի Սահմանադրության բարեփոխումը։


2015 թ․-ին իրականացված փոփոխություններով նախկինում ամրագրված մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների մի մասը վատթարացվեց, իսկ որոշ երաշխիքներ առհասարակ վերացվեցին։ Խնդրահարույց և անընդունելի է սահմանադրական փոփոխությունների իրականացման հետևանքով քաղաքացու իրավունքների սահմանափակումը և հետընթացը: Արձանագրված հետընթացի շտկմանը պետք է միտված լինի ներկայումս նախաձեռնվող Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։


Մասնավորապես, նախկինում սահմանադրական ամրագրում ստացած մի շարք տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներ Սահմանադրության 2-րդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները ևազատությունները» վերտառությամբ գլխում այլևս չամրագրվեցին («տեղափոխվելով» Սահմանադրության նոր` 3-րդ գլխում)։ Դրանք դադարեցին հանդիսանալ հիմնական իրավունքներ, ինչն էական հետընթաց է Հայաստանում սոցիալական արդարության, սոցիալական և իրավական պետության կայացման տեսանկյունից։


Իրականացված փոփոխությամբ, ի թիվս այլնի, քաղաքացիները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը զրկվեցին սոցիալական իրավունքների ընգրկուն շրջանակի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից։


Վերոգրյալից զատ, մի շարք իրավունքներ առհասարակ դուրս մնացին սահմանադրական ամրագրումների շրջանակից․ ամրագրում չստացան այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են բավարար կենսամակարդակի, ներառյալ բնակարանի կամ կենսապայմանների բարելավման իրավունքը, գիտության նվաճումներից օգտվելու իրավունքը, մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը, առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։


2015 թ․ խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունում մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը վերաբերող մի շարք ամրագրումներ ունեն նաև վերանայման կարիք միջազգային իրավական չափանիշների, իրավունքի զարգացման առաջադեմ միտումների և ՀՀ միջազգային իրավական պարտավորությունների տեսանկյունից։ Այդպիսի անհրաժեշտություն առկա է երեխայի իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի, ազատ արտահայտվելու իրավունքի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, մարդու իրավունքների սահմանափակման հիմքերի և մի շարք այլ երաշխիքների մասով։


Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը գործող Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատման վերացումը և սահմանադրական ամրագրում ստացած բոլոր տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների վերականգնումը որպես անմիջական գործող, հիմնական իրավունքներ դիտարկում է իբրև առաջնային խնդիր, որը պետք է տեղ գտնի սահմանադրական առաջիկա փոփոխությունների կոնցեպտում և հայեցակարգում։ Կոնցեպտը և հայեցակարգը պետք է անդրադառնան նաև Սահմանադրության 2-րդ, 3-րդ գլուխներում և հարակից հոդվածներում ամրագրված մարդու իրավունքների մի շարք երաշխիքների վերանայմանը, վերականգնմանը, կատարելագործմանը։


Սահմանադրական բարեփոխումը պետք է միտված լինի այնպիսի Սահմանադրության ընդունմանը, որը կդառնա ՀՀ քաղաքացու և անհատի իրավունքների ու ազատությունների պաշտպանության իրական և արդյունավետ գործիք։





81 views
bottom of page