• Human Rights Research Center

Կանխել հումանիտար ճգնաժամը և էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում

24.03.2022

Նկարը՝ Armenisputnik.am-ի

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում և մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի իշխանությունների խտրական և հայերի էթնիկ զտման քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության շարունակական մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ:

2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և Հայաստանի (և հետևաբար՝ նաև արտաքին աշխարհի հետ) և Լեռնային Ղարաբաղի միջև կապի և հաղորդակցության միակ ճանապարհը Լաչինի միջանցքն է:


Ռազմական գործողությունների հետևանքով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները ենթարկվել են էթնիկ զտման: Գրանցվել են մեծ թվով արտադատական սպանություններ հիմնականում իրենց տներում մնացած խաղաղ բնակիչների՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ:


2020 թվականի նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ստորագրած եռակողմ հայտարարությոնից հետո, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը, ինչպես նաև տարբեր մեթոդներով ահաբեկչական գործողությունները, որոնք ներառում են, սակայն չեն սահմանափակվում, հոգեբանական ճնշմամբ և ահաբեկումներով, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմամբ, ինչպես նաև հրադադարի հայտարարության խախտմամբ և քաղաքացիական համայնքների ռմբակոծությամբ:


Հրադադարի հայտարարությունից հետո, ադրբեջանական զինված ուժերի կողմից երեք քաղաքացիական անձինք են դիտավորյալ սպանվել և ավելի քան 10 քաղաքացիներ վիրավորվել են. նրանց մեծ մասն զբաղված են եղել գյուղատնտեսական աշխատանքներով: Նշված միջադեպերից որոշ դեպքեր տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ:


Իրավիճակն ավելի է սրվել 2022 թվականի փետրվար ամսից: Ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ամեն օր բարձրախոսների միջոցով կոչ են անում բնակիչներին լքել իրենց բնակավայրերը, «քանի որ նրանք ապրում են Ադրբեջանի տարածքում և պետք է ենթարկվեն ադրբեջանական հրահանգներին»: Հայերին ուղղված իրենց տները լքելու կոչերն ուղեկցվում են այդ «հրամաններին» չենթարկվելու դեպքում ուժ կիրառելու սպառնալիքներով։ Ադրբեջանական զինված ուժերի նմանատիպ գործողություններ գրանցվել են Խրամորթ, Նախիջևանիկ, Նոր Շեն և Թաղավարդ գյուղերում: Բացի այդ, 2022 թվականի մարտի 11-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ֆեսյբուքյան պաշտոնական էջն ենթարկվել է հաքերային հարձակման, որի արդյունքում էջում տեղադրվել է Ասկերանի շրջանի բնակչությանն ուղղված՝ իրենց տները 168 ժամվա ընթացքում լքելու կոչ-պահանջ:

Տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում՝ ականանետերից կանոնավոր կրակոցներ են արձանագրվել շփման գծի մոտակա գյուղերում, այդ թվում՝ Խրամորթում, Խնապատում, Նախիջևանիկում, Նոր Շենում, Կարմիր Շուկայում, Խնուշինակում և Պարուխում։


Կրակոցների արդյունքում վիրավորվել են նաև քաղաքացիական անձինք: 2022 թվականի փետրվարի 15-ին, Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Խնապատ գյուղի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ: 2022 թվականի մարտի 10-ին, Խնապատ գյուղի բնակիչ Սուրեն Բաղդասարյանը իր այգում աշխատելիս վիրավորում է ստացել ականանետից կրակոցների արդյունքում: Ուժեղ հրետակոծության և իրական սպառնալիքի պատճառով նույն օրը Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները:


Ադրբեջանի կառավարությունը նաև կիրառում է միջոցներ՝ վնասելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապայմանների համար էական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: 2022 թվականի մարտի 8-ի գիշերը, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ գազատարը և ադրբեջանական կողմը խոչընդոտել է ռուս խաղաղապահների և աշխատողների մուտքը դեպի գազատարի վնասված հատված։ Ռուս խաղաղապահների ներգրավմամբ բանակցություններն 10 օրից ավելի որևէ արդյունք չեն արձանագրել: Գազի խողովակը վերանորոգվել է միայն 2022 թվականի մարտի 19-ին՝ վերականգնելով դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը: Երկու օր անց, սակայն, գազամատակարարումը դադարեցվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից:


Ըստ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանների, կան հավաստի փաստեր, համաձայն որոնց՝ վերակառուցման աշխատանքների ընթացքում կամ դրանց քողի ներքո Ադրբեջանի իշխանությունները գազատարի վրա փական են տեղադրել, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ցանկացած պահի դադարեցել գազամատակարարումը։


Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100.000 բնակիչ ամբողջությամբ զրկված է բնական գազից, ինչպես նաև ջեռուցումից և տաք ջրից ձմռան (ցուրտ)՝ առատ ձյան և զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները և այլ կենսական օբյեկտներն ու ենթակառուցվածքները մնում են առանց գազամատակարարման: Առանց գազամատակարարման նաև անհնար է հաց թխել՝ առաջացնելով նաև հացի խնդիր:


Ադրբեջանի կառավարության կողմից հայերի նկատմամբ նշված գործունեությունը հայատյացության և ատելության համակարգված պետական քաղաքականության մի մասն է, ինչը ճանաչվել և դատապարտվել է միջազգային կառույցների, այդ թվում՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով (ECRI), Արդարադատության միջազգային դատարանի (ICJ), Եվրախորհրդարանի և այլ մարմինների կողմից:

Ագրեսիան և ցեղասպանություններն տեղի են ունենում և տարածվում են ամբողջ աշխարհում, քանի որ ագրեսորներն ու ավտորիտար ռեժիմները գործում են բացարձակ անպատիժ և առանց պատշաճ դատապարտման միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներով կառավարվող պետությունների կողմից:


Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության մարդու իրավունքները, ապահովելու, որ Ադրբեջանը դադարեցնի մարդու իրավունքների խախտումների քաղաքականությունը և կանխի հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև նպաստելու միջազգային կազմակերպությունների ներկայությանը Լեռնային Ղարաբաղում` աջակցելու խաղաղության և Լեռնային Ղարաբաղի բնակչութան անվտանգության ապահովմանը:


Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության

վերլուծական կենտրոն

Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

0 views0 comments