• Human Rights Research Center

Դիրքորոշում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների ամփոփ նկարագրի կապակցությամբ



ՄԻՀԿ-ն անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ ՀՀ վարչապետի N 181-Ա որոշմամբ ամրագրված են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության թափանցիկության, հրապարակայնության, ինչպես նաև հայեցակարգի պատրաստման գործընթացում հանրության մասնակցության ապահովման պահանջները։ Այդուհանդերձ, Սահմանադրական բարեփոխումների գործընթացը մինչ այժմ չի բավարարել նշված պահանջները, չի իրականացվել պատշաճ հանրային մասնակցության ապահովմամբ, ինչը մեծապես վտանգում է ամբողջ գործընթացի և Արդարադատության նախարարության կողմից ներկայացվող հայեցակարգային փաստաթղթի լեգիտիմությունը։

Սույն դիրքորոշում-հայտարարությունը գրությամբ ներկայացվել է ՀՀ արդարադտության նախարար Կ․ Անդրեասյանին ս․թ․ սեպտեմբերի 24-ին։


2019 թվականին ՀՀ Կառավարության N 1441-Լ որոշմամբ ուժի մեջ մտած Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով և 2020 թվականին ՀՀ վարչապետի N 181-Ա որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծմամբ մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը։


Գործընթացի շրջանակում 2020 թվականի հուլիս ամսից ի վեր «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» (ՄԻՀԿ) հասարակական կազմակերպությունն իրականացրել է Սահմանադրությամբ տրամադրվող մարդու իրավունքների և ազատությունների վերանայմանն ուղղված ծավալուն հետազոտական աշխատանքներ։

Որպես արդյունք՝ հրատարակվել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» վերտառությամբ հետազոտությունը։


Հետազոտության արդյունքում ՄԻՀԿ-ի կողմից ՀՀ արդարադատության նախարարության և Հանձնաժողովի ուշադրությանն է ներկայացվել ՀՀ Սահմանադրության 2-րդ, 3-րդ գլուխներում և հարակից հոդվածներում ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների վերաբերյալ նորմերի և երաշխիքների վերանայման, փոփոխության, ինչպես նաև նոր երաշխիքների ներդրման 29 առաջարկ իրենց ամբողջական հիմնավորումներով։ Ներկայացված 29 առաջարկները վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության 9 կարևորագույն թեմատիկ ուղղությունների, այդ թվում՝

  • տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների վերանայում,

  • շրջակա միջավայրի իրավունքների սահմանադրական երաշխիքների վերանայում,

  • երեխայի իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների վերանայում,

  • հավասարության ապահովման և խտրականության արգելքի սահմանադրական ամրագրումների վերանայում,

  • մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումների սահմանադրական հիմքերի վերանայում,

  • դատապարտված և պատիժը կրող քաղաքացիների ընտրելու իրավունքի սահմանադրական սահմանափակման վերանայում,

  • համայնքների լսված լինելու իրավունքի՝ որպես անմիջական ժողովրդավարության կառուցակարգի սահմանադրական ամրագրման վերանայում,

  • անձնական տվյալների պաշտպանության իրավունքի սահմանադրական բովանդակության վերանայում,

  • ազատ արտահայտվելու իրավունքի սահմանադրական ամրագրման վերանայում,

  • հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սահմանադրական դրույթները մեկնաբանող սուբյեկտների հստակեցում։


Հետազոտական վերջնարդյունքի ներկայացումը և հրատարակության շնորհանդեսը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 11-ին։ Հետազոտական վերջնարդյունքի ներկայացումն իրականացվել է մասնակցային մթնոլորտում՝ Արդարադատության նախարարության և պետական այլ գերատեսչությունների, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպայի խորհրդի, Անցումային արդարադատության միջազգային կենտրոն-ICTJ-ի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավաբանների և հետազոտողների մասնակցությամբ։


Մինչ վերջնարդյունքի հրապարակումը հետազոտության իրականացման 8 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը և Հանձնաժողովին պարբերաբար ուղարկվել են գրություններ, որոնցում ներկայացվել են ընթացիկ մշակվող առաջարկները։


ՄԻՀԿ-ի թիմը ՀՀ արդարադատության նախարարությանը և Հանձնաժողովին ուղարկված գրություններում բազմիցս շեշտել է ներկայացվող առաջարկների շուրջ մասնագիտական բովանդակային քննարկումներ ունենալու պատրաստակամության մասին։

Բացի այդ՝ ՄԻՀԿ-ի կողմից նշված ժամանակահատվածում կազմակերպվել և իրականացվել է «Մարդու իրավունքների սահմանադրական պաշտպանություն» հանրային քննարկումների շարքը։

Որպես արդյունք՝ մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ ուղղված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ վարչապետին։ Հայտարարությունը պաշտոնական գրությամբ ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարությանը։ Այն ստորագրած կազմակերպությունները Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին առաջարկել են Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ներառել տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքների վերանայման հրամայականից բխող մի շարք առաջարկներ։


Թեև ՄԻՀԿ-ն Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում իրականացրել է ծավալուն հետազոտական և հանրային աշխատանքներ, ափսոսանքով պետք է նշենք, որ առ այսօր Արդարադատության նախարարության կողմից ներկայացված ուսումնասիրության և առաջարկների առնչությամբ չի ստացվել որևէ արձագանք։

Ավելին՝ վերջերս ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների ամփոփ նկարագիրը, որի 4-րդ՝ «Մարդու իրավունքներ և ազատություններ» վերտառությամբ բաժինը չի անդրադառնում գործող Սահմանադրությամբ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների երաշխավորմանն առնչվող որևէ խնդրի, չի պարունակում առկա նորմերի և երաշխիքների վերանայման որևէ առաջարկ։

Վերոնշյալ հայեցակարգային փաստաթուղթը, ըստ այդմ, չի պարունակում հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները և ամբողջապես շրջանցում էմարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների սահմանադրական երաշխիքների կատարելագործման օրակարգը։

Վերջապես, հասկանալի չէ նաև, թե ինչ շրջանակների կամ մասնագիտական ինչ քննարկումների արդյունքում է Հանձնաժողովը եզրահանգել, որ մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների առումով գործող Սահմանադրությունը բարեփոխման կարիք չունի, ուստի և ներկայացված հայցեկարգային փաստաթղթում համապատասխան առաջարկներ չեն ներառվում։

ՄԻՀԿ-ն անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ ՀՀ վարչապետի N 181-Ա որոշմամբ ամրագրված են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության թափանցիկության, հրապարակայնության, ինչպես նաև հայեցակարգի պատրաստման գործընթացում հանրության մասնակցության ապահովման պահանջները։ Այդուհանդերձ, Սահմանադրական բարեփոխումների գործընթացը մինչ այժմ չի բավարարել նշված պահանջները, չի իրականացվել պատշաճ հանրային մասնակցության ապահովմամբ, ինչը մեծապես վտանգում է ամբողջ գործընթացի և րդարադատության նախարարության կողմից ներկայացվող հայեցակարգային փաստաթղթի լեգիտիմությունը։


Հիմք ընդունելով վերոգրյալը, հղում կատարելով Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի իրականացրած ծավալուն հետազոտությանը, կազմակերպության կողմից Արդարադատության նախարարությանը և Հանձնաժողովին ուղարկված մի շարք պաշտոնական գրություններին և ՀՀ վարչապետի N 181-Ա որոշմանը՝ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը դիմում է ՀՀ արդարադատության նախարարությանը խնդրանքով․

  1. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքների վերանայում և կատարելագործում» վերտառությամբ հետազոտության «Եզրահանգում» բաժնում ներկայացված մոտեցումները և դրանցից բխող առաջարկները ներառել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների ամփոփ նկարագրում, իսկ մերժման պարագայում ներկայացնել բավարար հիմնավորումներ։

  2. Սկզբունքորեն վերանայել Սահմանադրական բարեփոխումների գործընթացի փակ, ոչ մասնակցային և ժողովրդավարական պետությանը ոչ հարիր ձևաչափը։

  3. Վերանայել շրջանառված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների ամփոփ նկարագրի 4-րդ բաժինը՝ դրանում ներառելով մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների երաշխավորմանն առնչվող էական դրույթներ և առաջարկներ։


Ցանկանում ենք կրկին շեշտել, որ Սահմանադրության բարեփոխումը պետք է իրականացվի առավել հաշվետու, թափանցիկ և մասնակցային գործընթացի միջոցով և միտված լինի այնպիսի Սահմանադրության ընդունմանը, որը կդառնա ՀՀ քաղաքացու և անհատի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրական և արդյունավետ գործիք։


Մենք լիահույս ենք, որ ՀՀ արդարադատության նախարության կողմից կիրականացվի ներկայացված խնդիրների բովանդակային քննարկումն ու հասցեավորումը և վերահաստատում ենք Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների վերանայմանն ու կատարելագործմանն ուղղված համագործակցության մեր պատրաստակամությունը։



«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ


52 views0 comments