• Human Rights Research Center

Գրության ներկայացում ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին



Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանը և իրացմանը վերաբերող մի շարք խնդիրներ և հարցադրումներ են ներկայացվել Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի կողմից ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին։

Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն առաջիկայում դիտարկելու է Հայաստանի կողմից իր միջազգային իրավական պարտավորությունների կատարումը՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում։


Տվյալ փուլում Կոմիտեն ընդունում է գրություններ հասարակական կազմակերպություններից։ Պետության կողմից ներկայացված զեկույցի և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված գրությունների հիման վրա Կոմիտեն այնուհետ կկազմի ՀՀ Կառավարությանն ուղղված Խնդիրների ցանկը (List of Issues):


Այս կապակացությամբ ՄԻՀԿ-ի կողմից ներկայացված գրությունը նպատակի ունի Կոմիտեի ուշադրությունը հրավիրել, մասնավորապես, հետևյալին՝


  • Հայաստանում կանանց իրավունքներով և գենդերային հիմնախնդիրներով զբաղվող կանանց հանդեպ ատելության խոսքը, սպառնալիքներն ու ճնշումները և պետության պարտավորությունն ապահովելու վերջիններիս՝ հանրային կյանքին մասնակցելու իրավունքի իրացումն ապահով և անվտանգ միջավայրում։


  • Հայաստանում հղի և կրծքով կերակրող կանանց համար անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման անհրաժեշտությունն ու պետության պարտավորությունը երաշխավորել աշխատավայրերում ռիսկերի գնահատման արդյունավետ գործիքակազմի և ընթացակարգերի առկայությունը։


  • Կանանց և տղամարդկանց միջև ընտանեկան պարտականությունների և տնային գործերի հավասար բաշխումը, պետության պարտավորությունը երաշխավորելու կանանց աշխատաշուկա մուտք գործելու հավասար հնարավորությունները և այս կապակցությամբ առկա կարծրատիպերի հաղթահարման անհրաժեշտությունը։


  • Անհրաժեշտությունը խթանել տնային աշխատանքի՝ մեծապես ոչ ֆորմալ դաշտից գրանցված աշխատանքային հարաբերությունների դաշտ անցումը և ըստ այդմ՝ տնային աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։ Հայաստանում տնային աշխատողների մեծ մասը կանայք են։


  • Պետության պարտավորությունը՝ ապահովել աշխատանքային հարաբերություններում խտրականության բացառումը, խտրականության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ վերականգնումը, աշխատավայրում սեռական ոտնձգության խնդրի իրավական կարգավորումը։



Կոմիտեն ընդունում է հասարակական կազմակերպությունների գրությունները մինչև ս․թ․ հունիսի 7-ը։


24 views0 comments